2022 թվականի նոյեմբերի 29-ին Բրյուսելում անցկացվեց «Սոցիալական ազդեցության ներդրումը Հայաստանում՝ որպես սոցիալական և տնտեսական զարգացման միջոց» խորագրով ցանցային միջոցառումը։ Այն կազմակերպել էին Իմփաքթ Հաբ Երևանը և Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիան (ԵՎՄԱ)՝ Եմ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում։
Իմփաքթ Հաբ Երևանի, VIA ֆոնդի և կարևոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձևավորվեց հայաստանյան պատվիրակությունը, որն էլ մասնակցեց Բրյուսելում կայացած Impact Week-ին: Impact Week-ի համատեքստը հանդիպման հիանալի հարթակ դարձավ հայկական սփյուռքի այն անդամների համար, ովքեր հետաքրքրված են սոցիալական ազդեցությամբ, սոցիալական ձեռներեցությամբ, բարեգործությամբ և Հայաստանի սոցիալական էկոհամակարգում ներդրումներ կատարելու հնարավորություններով:
Բանախոսներն էին VIA ֆոնդի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը, Իմփաքթ Հաբ Երևանի խորհրդի անդամ և ԵՎՄԱ-ի ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը, «Արեգակ բեյքրի»-ից Տիգրանուհի Հակոբյանը՝ որպես սոցիալական ձեռնարկությունների հայաստանյան ներկայացուցիչ, և էկոնոմիկայի փոխնախարարը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։
Սկզբում ներկայացվեց Իմփաքթ Հաբ Երևանի առաքելությունը, այն է՝ սոցիալական ազդեցության նախագծերին և ձեռնարկություններին աջակցելն ու Հայաստանում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգը զարգացնելը:
Քննարկման առարկա էին նաև սոցիալական ձեռնարկությունները՝ շեշտադրելով նրանց ունեցած դրական սոցիալական ազդեցությունը և թե ինչպես են բիզնես մոտեցումներով լուծում սոցիալական խնդիրները։ Այս համատեքստում Տիգրանուհին ներկայացրեց «Արեգակ բեյքրի»-ի պատմությունն ու այն դրական փոփոխությունները, որ նրանք իրականացրել են այս տարիների ընթացքում։
Երկխոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանում առկա սոցիալական մարտահրավերներին։ Դրանք են՝ գործազրկության, գենդերային բռնության և խտրականության բարձր ցուցանիշները, գյուղական վայրերում որակյալ կրթության հասանելիության բացակայությունը, Երևանի և մարզերի միջև սոցիալ-տնտեսական զարգացման զգալի բացը և արդյունավետ կլիմայական լուծումների բացակայությունը:
Օգտվելով այս կարևոր հնարավորությունից՝ մենք մեծ ոգևորությամբ ներկայացրեցինք VIA ֆոնդը՝ ՍՁ-ների համար սոցիալական ազդեցության առաջին ներդրումային ֆոնդը Հայաստանում: VIA ֆոնդի առաքելությունն է նպաստել Հայաստանում փոփոխություններ կատարողների և սոցիալական ձեռնարկությունների համագործակցության, աճի և աջակցության միջավայրին: Այն նպատակ ունի բացահայտել,զարգացնել և ներդրումներ կատարել 20-ից ավելի հայկական սոցիալական ձեռնարկություններում և ազդեցություն ունեցող կազմակերպություններում՝ օգնելով նրանց բացահայտել իրենց ողջ ներուժն ու ընդլայնել իրենց ազդեցությունն ու գործունեությունն առաջիկա 5 տարիների ընթացքում:
Արդեն երեկոյան տեղի ունեցած միջոցառման նպատակն էր համախմբել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և այլ երկրների բոլոր գործընկերներին, ինչպես նաև ուկրաինական սփյուռքի մասնակիցներին: Դա հնարավորություն էր քննարկելու սոցիալական ազդեցության ներդրումների շուկայում առկա սոցիալական ձեռներեցության խնդիրները, դրանց լուծումներն ու յուրաքանչյուրի ներդրումն այդ ամենում։
Այս հատվածն, ըստ էության, լայնածավալ, գործնական մտքերի փոխանակում էր, որտեղ մասնակիցներն ավելի խորը ներթափանցեցին խնդիրների մեջ և սկսեցին մշակել կոնկրետ քայլեր, քաղաքական ընթացակարգեր և գործնական մոտեցումներ:
Երկխոսությունն իրապես արդյունավետ էր՝ հաշվի առնելով մասնակիցների բազմազանությունը և բարձրացվող հետաքրքիր հարցերը։ Ընդհանուր առմամբ, միջոցառումը հաջողվեց՝ համախմբելով Հայաստանում սոցիալական ձեռներեցությամբ, սոցիալական ազդեցության ներդրումներով և սոցիալական ազդեցությամբ հետաքրքրված
շահագրգիռ կողմերին ու խթանելով երկրում ՍՁ-ների համագործակցությունը, աճն ու աջակցությունը։
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ԵՎՄԱ-ն՝ Հայաստանում Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Սույն հրապարակման բովանդակության պատասխանատուն բացառապես Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագիրն է և ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես Եվրոպական միության դիրքորոշման արտացոլում: